Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լուրեր

Լուրեր
22.07.2008 | 00:00

Ով թալանի, ում բռնեն
Մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջերս հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Մի կողմից ընդդիմադիրներն անկախ փորձագիտական ուսումնասիրություն են պահանջում, մյուս կողմից էլ նկատելի է այդ գործընթացներին ԵԽ-ի հետևողականությունը, սակայն այս հարցում առանձնահատուկ են ՀՀ իշխանությունների մոտեցումները: Վերջիններս յուրատեսակ են մոտենում այդ հոդվածով կալանավորված անձանց նկատմամբ և միևնույն հարթության մեջ են դիտարկում քաղաքական գործիչների և խանութներ թալանողների «գործերը»: ՈՒշագրավն այն է, որ թալանչիների դատավարությունները չեն ձգձգվում, կալանավորման ժամկետները չեն երկարացվում, ընդունվում են պայմանական պատժաչափեր, այնինչ քաղաքական հայացքների համար կալանավորվածների նկատմամբ բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերվում։ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից փորձեցինք ճշտել, թե իշխանությունների այս խտրականությունը չի՞ նշանակում արդյոք, որ խանութ թալանողները հենց վերջիններիս վարձկաններն են։ ՀՀԿ փոխնախագահը հարկ համարեց վերստին պնդել, թե «մարտի 1-ը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպած չարագործություն էր»` հընթացս նշելով, որ քաղաքական նպատակներով բանտարկյալներ չկան: «Դատավարությունը շատ նորմալ է ընթանում, և ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկի հանդեպ մեղմ են վերաբերվում, իսկ մյուսների հանդեպ` ոչ»,- ասաց ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավարը։
Ռ. Խ.

Քոչարյանը տիրություն է անում իր օբյեկտներին
Մեր տեղեկությունների համաձայն` Ծաղկաձորի օլիմպիական սպորտկոմպլեքսի տնօրեն Մխիթար Հարությունյանը, որը Գագիկ Ծառուկյանի շրջապատին մտերիմ մարդկանցից է, ԲՀԿ ակտիվ անդամ և Հրազդանում խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ պարտվել էր Սասուն Միքայելյանին, ազատվել է աշխատանքից: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել ԲՀԿ մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանից, որը նախ զարմացավ, թե ինչու ենք իրեն դիմում այդ հարցով, քանի որ «կուսակցության մամուլի պատասխանատուի լիազորությունների մեջ չի մտնում իմանալ, թե ԲՀԿ որ անդամը երբ և որ աշխատանքից է ազատվել»: Մեր կողմից հավելենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Ծաղկաձորի սպորտկոմպլեքսի նոր տնօրեն է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատի մարդ, քանզի նախկին նախագահը փորձում է ժամանակին իրեն պատկանող, բայց խնամքով ուրիշների անվան տակ թաքցրած բիզնեսի գլխին նորից վերադարձնել իր հավատարիմ մարդկանց:
Ռ. Խ.

Գուրգեն Եղիազարյանն ազատության մեջ է
Երեկ երեկոյան Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող հայտնի մեկուսարանից ազատ արձակվեց նախագահական ընտրությունների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցություն ցուցաբերող գործիչներից անվտանգության նախկին փոխնախարար, պահեստի գնդապետ Գուրգեն Եղիազարյանը։ Նա ձերբակալվել էր մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո։ Մեր թերթի հարցին ի պատասխան՝ նա հետևյալ կերպ մեկնաբանեց իր ազատ արձակման փաստը. «Իշխանությունների կողմից ձեռնարկված ապօրինի գործողություններն ավելի համալրեցին և կուռ դարձրին մեր շարքերը։ Որքան քաղկալանավորներին շարունակեն պահել մեկուսարաններում, այնքան ընդդիմությունը և ժողովուրդն ավելի են ամրանալու։ Կարող եմ ասել, որ ընդդիմության ներկայացուցիչներից ոչ մեկը չի կոտրվել կալանավայրերում»։
Գուրգեն Եղիազարյանի հետ հարցազրույցը կարող եք ընթերցել «Իրավունք de facto»-ի հաջորդ համարում։

Իսկ նրանք խաղում են սեփական կանոններով
Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը հայտարարեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը կուսակցության վարչությունը քննարկել է և որոշել մասնակցել: Երևանի Արաբկիր համայնքում իր թեկնածությունն առաջադրած «Ժառանգության» անդամ Զոյա Թադևոսյանը, կուսակիցների կարծիքով, բավականին մեծ շանսեր ունի հաղթելու: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» հասավ «կողոպտված» հաղթանակի»,- նշեց Մ. Արիստակեսյանը` փաստելով, որ խորհրդարանական ընտրություններում, առավելապես Արաբկիրում, իրենք գրավել են առաջին տեղը: «Մենք հավատում ենք արաբկիրցիներին, իսկ նրանք՝ «Ժառանգությանը»»,-շեշտեց նա՝ միաժամանակ արձանագրելով, որ արդեն իսկ օգտագործվում են վարչական լծակներ, և իրականացվում է թաքնված քարոզչություն. «Գինն է բարձրացել. 800 ձայնի համար առաջարկել են «Նիվա» մակնիշի մեքենա: Համոզված եմ, որ հետո էլ կասեն` 750 ձայն եք հավաքել, գնացեք: ՈՒ «կքցեն»»։
Ի դեպ, տեղյակ աղբյուրների և ականատեսների պնդմամբ, 800 ձայնի դիմաց մեկ «Նիվա» մեքենա շնորհելու նախաձեռնությունը պատկանում է Արաբկիրի թաղապետի առաջիկա ընտրություններում հավանական թեկնածուներից մեկին՝ Ալբերտ Երիցյանին։ Ինչպես տեսնում ենք, «բազարային» հարաբերությունները Հայաստանում շարունակում են զարգանալ նույն սցենարով։ Ընտրությունները դեռ չսկսված՝ առևտուրն արդեն ստարտ է վերցրել։ Հազիվ թե սա տեղավորվում է նոր կառավարության հռչակած «բարեշրջումների» քաղաքականության մեջ, սակայն, ամենայն հավանականությամբ, տեղի հեղինակությունները սովորել են փաստացի անձեռնմխելիության կարգավիճակին և համարում են, որ հռչակված քաղաքականությունն իրենց վրա չի տարածվում։ Նրանք շարունակում են խաղալ սեփական կանոններով։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Միանա՞լ, թե՞ նույնանալ
Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը և կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրին այն հարցերի շրջանակը, որ քննարկել է կուսակցության նորընտրիր վարչությունը։ «Մեզ համար կարևոր է հստակեցնել ռազմավարական ծրագրի դրույթները, որոշումներ կայացնելու մեխանիզմները»,- Հայ ազգային կոնգրեսին միանալու հարցն այս հանգամանքներով պայմանավորեց Արիստակեսյանը` հավաստիացնելով, թե իրենք միասնական են շարժման բոլոր նախաձեռնություններում, սակայն «նույնացման» չեն ուզում գնալ: Շարունակելով Արիստակեսյանի խոսքը` «Ժառանգություն» կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը պարզաբանեց. «Խնդիրը ոչ միայն քաղաքական, այլև տեխնոլոգիական հարթության մեջ է: Վարչությունում կարծիքներ են հնչել, որ չմիանալն անգամ ավելի օգտակար կլինի ընդդիմության (խոսքն իրական ընդդիմության մասին է), մասնավորապես Շարժման համար»: Այս դիրքորոշումը, ըստ Խուրշուդյանի, նաև կուսակցության «ճկունությունը» ապահովելուն է միտված, քանի որ «որոշակի մտավախություն կա` արդյոք միանալը չի՞ տանի նույնացման»: Իսկ վերջնական որոշումը կուսակցությունը կկայացնի հուլիսի 24-ին:
Քննարկված հաջորդ հարցը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելն էր: Ըստ այդմ, վարչությունը հանգել է այն եզրակացության, որ քանի դեռ ԵԽ-ի պահանջները Հայաստանի իշխանությունները չեն կատարել, իսկ հանձնաժողովն էլ չի ընդունել «Ժառանգության» առաջարկները, իրենք նպատակահարմար չեն համարում կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին: «Կարծում ենք, որ Սասուն Միքայելյանի և Մյասնիկ Մալխասյանի ներկայությունն այդ հանձնաժողովի աշխատանքներին էապես կազդեր որոշումների կայացման վրա»,- վերստին շեշտեց կուսակցության փոխնախագահը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թույլ չեն տա
«Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային «հայ» սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին՝ Ջավախքի հայաթափմանը։ Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջևանի ճակատագրին արժանանալու ճանապարհին։ Հալածանքներ և հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ։ Որոշ դեպքերում այդ սադրանքներին նպաստեցին նաև Հայաստանի իշխանությունները՝ մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով վրացական իշխանությունների խնդրանք-պատվերը։ Մենք թույլ չենք տա, որ Վրաստանի իշխանությունները փորձեն Աբխազիայի և Հարավային Օսիայի աղմկահարույց իրադարձությունների միջազգային քողի տակ «լուծել» Ջավախքի հարցը»,- երեկ այսպիսի հայտարարություն է հրապարակել Հայ արիական միաբանության գերագույն խորհուրդը, որն իր վճռական բողոքն է հայտնում Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնված հետապնդումների կապակցությամբ։
Վ.Մ.

Սառույցը շարժվեց
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ուր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի վերջին այցը Վաշինգտոն գնահատել է ջերմ և կառուցողական քննարկումների հունում, որ կայացել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Երկու կողմերն էլ հատուկ շեշտեցին իրենց փոխադարձ պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և Հայաստանի անկախացումից ի վեր ստեղծված ամուր համագործակցության խորացման վերաբերյալ։ ԱՄՆ պաշտոնյաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Հայաստանին՝ Իրաքում և Կոսովոյում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Քննարկումների գխավոր թեման էր Հայաստանի առաջընթացը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Ամերիկյան կողմը գովաբանեց Հայաստանի կառավարությանը որոշ դրական քայլերի համար՝ հորդորելով, որ հետագա աշխատանքներ տարվեն այլ ոլորտներում ևս։ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություն արտահայտեցին ընդդիմադիը քաղաքական գործիչների ձերբակալման և հետա-պնդման վերաբերյալ, հանրահավաքների և մամուլի ազատության մասով, արձագանքեցին միջազգային հանրության կոչերին՝ ուղղված մարտի 1-2-ի իրադարձությունների արժանահավատ հետաքննության անցկացմանը։ Այս հարցերը կքննարկվեն «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի նիստի ժամանակ, որը կանցկացվի սեպտեմբերին՝ պետքարտուղար Ռայսի նախագահությամբ։ ԱՄՆ պաշտոնյաները ողջունեցին արտգործնախարար Նալբանդյանի համակողմանի մեկնաբանությունները բոլոր այդ կարևոր հարցերի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Վաշինգտոնը սկսում է միջամտել
Երեկ մարտի1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպում է ունեցել Երևանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական ծրագրերի տնօրեն Սթիվ Բենեքսի հետ։ Վերջինս հայկական կողմին է փոխանցել 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների մեթոդոլոգիային առնչվող նյութեր։ Այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների գծով տեղակալ Դևիդ Կրամերի Երևան կատարած վերջին այցի ընթացքում։ Միաժամանակ երեկվա զրույցի ընթացքում Սթիվ Բենեքսը և Սամվել Նիկոյանը քննարկել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին ամերիկյան փորձագետներից մեկի մասնակցության հնարավորության հարցը՝ մեթոդոլոգիական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է այն հանձնաժողովի փորձագետներին, ովքեր զբաղված էին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ուսումնասիրությամբ։

Հին և նոր գերագույն մարմինը
Հուլիսի 18-20-ին Վանաձորում անցկացվեց դաշնակցության Հայաստանի կազմակերպության 14-րդ գերագույն ժողովը։ Համաձայն տարածված հաղորդագրության՝ այն հաստատել է առաջիկայում քաղաքական, քարոզչական և կազմակերպական ոլորտներում ՀՅԴ ծրագրերը և արդարացված գնահատել նոր ձևավորված իշխանական կոալիցիայում ՀՅԴ-ի մասնակցությունը։ Կարևորվել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը մարտի1-2-ի իրադարձությունների ամբողջական բացահայտման առումով։
Արտաքին քաղաքական ճակատում դաշնակցականները մեկ անգամ ևս ամրագրում են, որ անընդունելի են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման այն նախապայմանները, որ առաջ են քաշվում Թուրքիայի կողմից, իսկ ցեղասպանության հարցը չի կարող դառնալ քննարկումների և սակարկությունների առարկա։ Առաջիկա երկու տարիները գերագույն ժողովն ամրագրել է որպես Հայաստանում դաշնակցության ամրապնդման և նոր անդամներով համալրվելու ժամանակաշրջան։ Ընտրվել է ՀՅԴ Հայաստանի նոր գերագույն մարմին, որի կազմում են ինչպես նրա նախորդ կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ նորընտիր դաշնակցականներ Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Գագիկ Գևորգյանը, Թաթուլ Հարությունյանը, Հայրապետ Բաբայանը, Հրաչ Թադևոսյանը, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, Միքայել Մանուկյանը, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Ռուբեն Մարգարյանը, Սիմոն Սիմոնյանը, Վարդգես Աթոյանը և Վլադ Քոչունցը։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ է վերընտրվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ֆանտաստիկ թվեր
ԱՌԿԱ գործակալության փոխանցմամբ, երեկ վիճակագրության ազգային ծառայությունում պարզաբանել են, որ ամսական միջին նոմինալ աշխատավարձը Հայաստանում, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2008 թ. հունվարից հուլիսը կազմել է 86615 դրամ, ինչը 20,7 տոկոսով ավելի է 2007 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ հրապարակված համեմատության, այդ նույն միջին աշխատավարձն ամսվա կտրվածքով ոչ բյուջետային կազմակերպություններում կազմել է 106754 դրամ, ինչը 19,6 տոկոսով ավելի է 2007 թ. հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ։

Ջուր մի լցրեք թուրքի ջրաղացին
Երեկ Ազգային ժողովրդավարական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դեմ է արտահայտվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու` ընդդիմության նախաձեռնությանը։ «Ներքաղաքական պայքարում չի կարելի անցնել այն շեմը, որից հետո թուլանում են երկու հայկական պետությունների՝ Հայաստանի և ԼՂՀ-ի դիրքերը միջազգային ասպարեզում։ Այդ շեմն անցնում է Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու` Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նախաձեռնած ստորագրահավաքը։ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ նախապատրաստում է «գործերի փաթեթ» ադրբեջանցիների դեմ հայ պաշտոնյաների կողմից էթնիկական զտումներ, ցեղասպանություն և ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով հենց Հաագայի դատարան դիմելու համար։ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նախաձեռնած ստորագրահավաքը չի կարող չօգտագործվել Ադրբեջանի կողմից և չարագացնել նրանց դատարան դիմելը՝ հղում կատարելով ստորագրահավաքին որպես ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայ ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու հիմնավորում»,- ասված է ԱԺԿ հայտարարության մեջ։ Կուսակցության վարչությունը նշում է, որ ընդդիմության ստորագրահավաքն ուղղված է առաջին հերթին ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ «մեր բոլորի, այդ թվում վտանգը չգիտակցող ստորագրողների, երկու հայկական պետությունների դեմ, և խնդիրն այստեղ ամենևին էլ նախորդ նախագահին պաշտպանելու մեջ չէ»։ Ըստ ԱԺԿ վարչության հայտարարության, եթե ստորագրահավաքը չդադարեցվի, ապա «մնում է ենթադրել, որ այդ նախաձեռնությունը կազմակերպված օժանդակություն և հորդոր է տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին կեղծ մեղադրանքներ ներկայացնող Ադրբեջանին՝ արագացնելու Հաագայի դատարան դիմելը»։
Վ. Մ.

Դիտվել է՝ 4810

Մեկնաբանություններ